Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Իրան, Իսրայել, ԱՄՆ. մեր տարածաշրջանն այս պահին վառոդի տակառի վրա է

Իրան, Իսրայել, ԱՄՆ. մեր տարածաշրջանն այս պահին վառոդի տակառի վրա է
10.02.2026 | 10:57

Թեհրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքը՝ նույնիսկ եթե դա պատերազմի հանգեցնի. այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ , հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին:

«Ինչու ենք մենք այդպես պնդել ու պնդում ուրանի հարստացումը և պատրաստ չենք հրաժարվել դրանից, նույնիսկ եթե մեզ պատերազմ պարտադրեն,- երեկ ասել է Արաղչին ու դա բացատրել Իրանի ինքնիշխան իրավունքով.- Քանի որ ոչ ոք իրավունք չունի մեզ ասել, թե ինչ պետք է ունենանք և ինչ չպետք է ունենանք» (նախարարի խոսքը մեջբերել է նրա պաշտոնական Telegram-ալիքը):

Արաղչին, РБК-ի փոխանցմամբ, նախօրեին հայտարարել էր, որ Իրանը կշարունակի ուրանը հարստացնել խաղաղ նպատակներով, ինչպես հիմա է անում, և չի ընդունի «զրոյական հարստացման» քաղաքականությունը:

Ինչպես հայտնի դարձավ այսօր, Իրանի փոխնախագահն ԱՄՆ-ին ուրանի հարստացման կրճատման պայման է դրել: Փոխնախագահ Էսլամիի խոսքով՝ Իրանը պատրաստ է նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը, եթե Վաշինգտոնը չեղարկի բոլոր պատժամիջոցները: Կընդունի՞ այս պայմանը Թրամփը… Դժվար թե: Եթե նույնիսկ ցանկանա էլ ընդունել, Իսրայելը թույլ չի տա, Իրանին հարվածելով կամ կտապալի առաջիկա բանակցությունները, դրանք չեն կայանա, կամ նույնիսկ եթե Թեհրանը և Վաշինգտոնը բանակցություններում Էսլամիի նշած վերոնշյալ պայմաններով համաձայնության գան, բանակցային այդ արդյունքը կզրոյացնի:

Իրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակը, եթե ԱՄՆ-ը հանի Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները. «Fararu» գործակալության տեղեկացմամբ, այս հայտարարությամբ է հանդես եկել Իրանի փոխնախագահ և Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին: Խոսքը մինչև 60 տոկոս հարստացված ուրանից Իրանի հնարավոր հրաժարման մասին է։ Ըստ Էսլամիի, այդ հարցը կախված է նրանից, թե Վաշինգտոնի կողմից ի պատասխան արդյոք կչեղարկվե՞ն բոլոր պատժամիջոցները։

2025թ. նոյեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը, բայց… Հենց այստեղ պետք է պարզաբանել, թե դրա դիմաց ինչ է պահանջում ԱՄՆ-ը: Պատժամիջոցների սահմանման հիմնական պատճառները ԱՄՆ-ի կեղծ մեղադրանքներն են այն մասին, թե Իրանը խախտում է միջազգային պարտավորությունները և զբաղվում է գլոբալ անվտանգությանը սպառնացող գործունեությամբ (Միացյալ Նահանգներն այս մեղադրանքն Իսրայելին ներկայացնելու փոխարեն, ներկայացրել է Իրանին):

Թեհրանին ուղղված Վաշինգտոնի հիմնական պահանջները ներառում են բալիստիկ հրթիռների և պոտենցիալ միջուկային զենքի մշակումից, ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումից (ինչպիսիք, ըստ Վաշինգտոնի, «Հըզբոլլահը» և «Հուսիներն» են), Իրանում մարդու իրավունքների խախտումներից, ինչպես նաև ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նկատմամբ թշնամական հռետորաբանությունից հրաժարումը: Թեհրանը միանգամայն իրավացիորեն ու կտրականապես բացառել է իր հրթիռների հեռահարության ու քանակի սահմանափակումը, պատրաստակամություն է հայտնել բանակցել միայն իր միջուկային ծրագրի շուրջ:

Ընդգծենք նաև, որ «Հըզբոլլահը» և «Հուսիներն» ահաբեկչական կազմակերպություններ չեն, այլ դիմադրական ուժեր ահաբեկչական պետություններ Իսրայելի և ԱՄՆ-ի նկատմամբ: Ինչ վերաբերվում է Իրանում մարդու իրավունքների խախտմանը, ապա այդ մեղադրանքը ևս կեղծ է, քանի որ իբրև այդպիսին ներկայացվում է ԱՄՆ-ի և Իսրայելի գործակալների, կամակատարների կողմից գունավոր հեղափոխության կամ պետական հեղաշրջման փորձի ճնշումն Իրանի օրենսդրության շրջանակներում:

ԱՄՆ-ի պատժամիջոցները ներառում են գրեթե ամբողջական առևտրային և ֆինանսական էմբարգո, որն արգելափակում է իրանական նավթի արտահանումը և երկրի բանկերի մուտքը համաշխարհային համակարգ: Սահմանափակումներ են մտցվել նաև էներգետիկ ոլորտում, պատժամիջոցներ որոշակի անձանց ու կազմակերպությունների, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրում ներդրումների նկատմամբ:

Մերձավորարևելյան դիվանագետները, «Известия»-ի փոխանցմամբ, կասկածում են Օմանի բանակցություններում ԱՄՆ-ի և Իրանի համաձայնության հնարավորությանը: Թրամփը երեք պայման է առաջ քաշել՝ միջուկային ծրագրի դադարեցում, բալիստիկ հրթիռների կրճատում և վերոնշյալ «ահաբեկչական» խմբավորումներին աջակցելուց հրաժարում: Մինչդեռ Իրանը կտրականապես մերժում է հրթիռային ներուժին վերաբերվող սահմանափակումները։ Նշենք, որ ԱՄՆ- Իրան բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է այս շաբաթ, սակայն այն կարող է չկայանալ, եթե Իսրայելը որոշի միայնակ հարվածել Իրանին, ինչով արդեն սպառնացել է:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ